Նոր մարզիչ, «նոր հավաքական», վատ մարզավիճակում գտնվող Մխիթարյան, երկրպագուներին մեղադրող ֆեդերացիայի նախագահ: Ահա այն, ինչ հիմա ունի Հայաստանի ազգային հավաքականը:
Հավաքականը մի քանի օր առաջ գլխավորեց Արթուր Պետրոսյանը: Պետրոսյանը հավաքականում ունեցել է փայլուն ֆուտբոլային կարիերա: Մինչև վերջերս գլխավորում էր հավաքականի ռմբարկուների աղյուսակը: Մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն: Սակայն մարզչական կարիերայում դեռ չի ունեցել որևե լուրջ հաջողություն բացի«Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմի հետ Շվեյցարիայի չեմպիոն դառնալուց:
Գլխավորելով հավաքականը մարզիչները արդեն սովորություն էին դարձրել: Ով գլխավորում էր հավաքականը, խոսում էր իր կողմից կատարվելիք սերնդափոխության մասին: Սակայն մինչ այժմ ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր ֆուտբոլիստի բացահայտում: Ի տարբերություն իր նախորդների, Արթուր Պետրոսյանը չխոսեց սերնդափոխության մասին, սակայն նշեց, որ երիտասարդ ֆուտբոլիստների կներգրավի խաղի մեջ: Հուսանք, որ Պետրոսյանի փոփոխությունները կտարբերվեն նախկին՝ Սուքիասյանների ու Շալանդների «սերնդափոխություններից», և մենք կունենանք այնպիսի հավաքական, ինչպիսին էր Վարդան Մինասյանի ժամանակներում:
Ինչևիցե, հաջողություն մաղթենք Արթուրին հավաքականի ղեկին և ցանկանանք բազում հաղթանակներ, որը և կվերադարձնի երկրպագուներիս սերն ու վստահությունը:
Բայց ինչպե՞ս հասնել հաջողության, երբ ֆեդերացիայի նախագահը, հարցազրույցի ժամանակ երկրպագուներիս մեղադրելով ասում է.՝ «Երկրպագուները թույլ չեն տալիս, որ մարզիչները աշխատեն: Վարուժան Սուքիասյանըխաղադաշտ չմտած արդեն գոռում են Սուքիասյան հեռացիր»: Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ մենք՝ երկրպագուներս չենք թողնում մարզչին աշխատել այն դեպքում, երբ մյուս հարցազրույցին ասում է.՝ «Չեն հրավիրվիայն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգայինթիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ Հայրապետյանը մեզ մեղադրելով, մարզչին թույլ չի տալիս օգտվել այն հազվատեպ հանդիպող հայ ֆուտբոլիստների ծառայությունից, որոնք հավաքականին կարող են օգուտ տալ: Սա նշանակում է, որ Հայրապետյանը ինքն իր համար ստեղծել է ինչ որ օրենքներ, որոնց պարտավոր ենք ենթարկվել:
Այո, ինչպես ասում է Ռուբեն Հայրապետյանը՝ մենք մեղավոր ենք: Մենք մեղավոր ենք նրանում, որ մինչև հիմա հանդուրժել և դիմացել ենք իր ցնորանքներին: Մենք մեղավոր ենք նրանում, որ ենթարկվում ենք Հայրապետյանի կողմից ստեղծված այդ օրենքներին:
Սակայն խնդիրը ոչ միայն ֆեդերացիայի ներսում է, այլ նաև դրսում, հենց ֆուտբոլիստների մոտ: Այն ժամանակվա ոսկե սերնդից չի մնացել գրեթե ոչինչ: Ժամանակ կար, երբ հայ ֆուտբոլիստները գլխավորում էին իրենց առաջնության ռմբարկուների ցուցակը, դառնում խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ հիմա՞: Մենք ուրախանում ենք այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտնում հանդիպման վերջին րոպեներին: Հատկապես ցավալի է Մխիթարյանի վիճակը, ով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ընդամենը 133 րոպե է խաղացել: Դա շատ ցածր ցուցանիշ է այն ֆուտբոլիստի համար, ով նախորդ մրցաշրջանում ստացել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Հուսանք, որ Մոնտենեգրոյի հետ հանդիպումը շրջադարձային կլինի և Մխիթարյանի համար, և նոր մարզչի ու ֆեդերացիայի համար: Եվ մենք կհագեցնենք հաղթանակի այն ծարավը, որը մեզ տանջում է արդեն 3 տարի: